ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը` փակման վտանգի տա՞կ

Շուշիի պատմաերկրագիտական թանգարանը` փակման վտանգի տա՞կ
24.10.2008 | 00:00

ՍԽԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊՏՈՒՂՆԵՐԸ
Շուշիի բնակչությունը պաշտոնական տվյալներով 3500 է։ ՈՒնի երկու միջնակարգ դպրոց, երկու երաժշտական դպրոց։ Գործում է մեկ քոլեջ։ Երկար տարիների մեռելային վիճակից Շուշին, կարծես, դուրս է գալիս։ Քաղաքում վերանորոգումներ են իրականացվում։ Գործում են պատմաերկրագիտական թանգարանն ու պատկերասրահը:
Պատմաերկրագիտական թանգարանը ստեղծվել է 1992 թ. մայիսի 28-ին։ Ինչպես ներկայացնում է տնօրեն Աշոտ Հարությունյանը, այն մի ամբողջ տարի աշխատել է հասարակական հիմունքներով։ Բնակչությունից հավաքվել և ցուցադրության է ներկայացվել այն ամենը, ինչ հնարավոր է եղել։ Ցուցանմուշները հիմնականում ներկայացնում են պատմական Շուշիի կյանքը, արհեստները, արվեստները, կենցաղը, քաղաքի կոլորիտը։ Ներկայացված են նաև քաղաքի ներկան, Շուշիի ազատագրումը։ Նախկին պատմաերկրագիտական թանգարանում եղած բոլոր արժեքավոր ցուցանմուշները մինչև Շուշիի ազատագրումն ադրբեջանական պատմաբանները հասցրել են տեղափոխել Բաքու։ Այժմ ցուցադրված է միայն այն, ինչ հնարավոր է եղել հայթայթել բնակչությունից։ Թանգարանում «Թուֆենկյան» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ, սակայն տնօրենը լուրջ մտավախություն ունի, որ այն կարող է փակվել։ Բանն այն է, որ վերջերս թանգարանը հանվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայությունից և փոխանցվել կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչությանը, որտեղ, ըստ Աշոտ Հարությունյանի, տարօրինակ լուծումներ են առաջարկում թանգարանի հետագա զարգացման համար՝ առանց հաշվի նստելու աշխատակիցների հետ։ «Ստացվում է, որ մենք իզուր ենք տասը տարի աշխատել, թանգարանը միջազգային ճանաչման հասցրել։ Կառավարությունը գրչի մեկ հարվածով այն տալիս է զբոսաշրջության վարչությանը, պատմաերկրագիտական թանգարանը վերածում պատմականի։ Պետական աջակցություն կոչվածը սահմանափակվում է միայն աշխատավարձ տալով։ Պատճառաբանում են, թե գումարներ չունեն, մինչդեռ միայն անունը փոխելու համար բավականին գումարներ են ծախսվելու։ Եվ այդ ամենն արվում է նրա համար, որ ցույց տան, թե աշխատում են։ Սա աշխատանքի ոճ չէ»,- ասում է տնօրենը և ավելացնում, որ թանգարանը մշակութային կառույց է, ունի գիտական նպատակներ, մինչդեռ զբոսաշրջությունը բիզնես նպատակներ է հետապնդում։ Թանգարանը ներկայանալի դարձնելու համար պետք է ներդրումներ կատարվեն, սակայն այլ ծախսերի համար տարեկան հատկացվում է ընդամենը 50 հազար դրամ։ Թանգարանն ունի 9 աշխատակից, և դրված է հաստիքների կրճատման հարցը։ Տնօրենի կարծիքով՝ նման քաղաքականությունը կհանգեցնի արտագաղթի ավելացման, ինչը հակասում է Շուշիի վերաբնակեցման ու քաղաքի վերականգնման մշակութային ծրագրերին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Երևան-Շուշի-Երևան

Դիտվել է՝ 7458

Մեկնաբանություններ